«Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով լուծվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի խմելու ջրի կանոնավոր մատակարարման խնդիրը:

Հիմնադրամի մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ ծրագիրը համաֆինանսավորել են Հիմնադրամի ֆրանսիայի տեղական մարմինն ու Ռուսաստանի հայ գործարարները:

Վերանորոգվել է շուրջ 5կմ երկարությամբ ջրատարը, կառուցվել է ներքին ցանց: Անհատական մուտքագծերով ջուրը հասնում է տնտեսություններին, որոնք արդեն ունեն կանոնավոր ջրամատակարարում: Ընթացքում է երեք ջրամբարի եւ խորքային հորի վերանորոգումը: ՙԱյս վերջին փուլի աշխատանքների ավարտից հետո հոսող ջրի ծավալը զգալիորեն կմեծանա՚, - հավատացնում են պատասխանատու շինարարները:

Տարիներ շարունակ ջրագիծն անմխիթար վիճակում էր, եւ անընդհատ ջրի մեծ կորուստ կար: Գյուղը խմելու ջուր ստանում էր երկու օրը մեկ եւ ընդամենը երկու ժամով:

Նորագյուղն Ասկերանի շրջանի ամենամեծ համայնքն է. այն հիմնվել է 1966 թվականին եւ ունի շուրջ 1510 բնակիչ, ում ապրուստի հիմնական միջոցը տնամերձ հողատարածքներից ստացված բերքն է: Գյուղն ունի բարեկարգ դպրոց, բուժկետ, բարենորոգ ճանապարհներ եւ գյուղացիները հավատում են, որ այսօր արդեն, ջրի առկայության պայմաններում համայնքում տնտեսության ընդհանուր վիճակն էլ զգալիորեն կբարելավվի: