Արմավիրի մարզում հոր եւ 3 որդիների մահվան պատճառ դարձած ողբերգական վթարի դեպքի առթիվ քրեական գորխ է հարուցվել:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 28-ին ժամը 20։00-ի սահմաններում Արմավիր-Քարակերտ ավտոճանապարհի 25-րդ կմ-ի հատվածում «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է առջեւից ընթացող «OPEL VECTRA A» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հետնամասին, որի հետեւանքով կորցնելով մեքենայի կառավարումը՝ բախվել է իրենից աջ՝ ճանապարհի կողնակային հատվածում կայանված «SCANIA» մակնիշի MCH-700 հաշվառման համարանիշի քարշակով ավտոմեքենային։ Վթարի հետեւանքով «VAZ 2107» ավտոմեքենայի վարորդը՝ Մարատ Արսենյանը, եւ մեքենայում գտնվող նրա երեք որդիները տեղում մահացել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Մ.Արսենյանը եւ նրա երեք որդիները ճանաչվել են տուժող։

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ողբերգական վթար Արմավիրում. ընտանիքի հայրն ու 3 որդիները մահացել են (ֆոտո)