Չինաստանի կողմից մշակվող աշխարհի ամենախոշոր ամֆիբիա «Ցզիլուն» (AG600) ինքնաթիռը հաջողությամբ անցել է ջրի վրա փորձարկումների առաջին փուլը, ուրբաթ հայտնել է չինական ավիացիոն արդյունաբերության կորպորացիան (AVIC), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ամֆիբիա «Ցզիլուն» (AG600) խոշոր փրկարարական ինքնաթիռի փորձարկումները ջրի վրա սկսվել են օգոստոսի 30-ին: Այդ փուլի ընթացքում ստուգվել է անջրանցիկությունը, կառավարման հատկությունները, կայունությունը եւ ջրի վրա սահելու հնարավորությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Բոլոր փորձարկումներն իրականացվել են ցածր արագությամբ եւ, ըստ մասնագետների, հաջող են անցել, բոլոր օդային համակարգերը գործում են նորմալ ռեժիմում, նշվում է հաղորդագրությունում:
AVIC-ում նշել են, որ «Ցզիլուն»-ը պատրաստ է ջրի մակերեւույթից իր առաջին թռիչքին, այժմ փորձարկումների հաջորդ փուլի համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում: Առաջին թռիչքի ամսաթիվը դեռ չի հաղորդվում:





























