Պատրաստ ենք աջակցել ցանկացած երկրի՝ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Վրացական «Առաջին ալիքի» փոխանցմամբ՝ Երևանում վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացման և տարածաշրջանում խաղաղության հասնելու մասին հնչեցված հարցին:
Փաշինյանը նշել է, որ շատ զգույշ պետք է լինել հակամարտությունների մասին խոսելիս:
«Պետք է զրուցել մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հակամարտության ընդհանուր ընկալման մասին: Մեր դիրքորոշումն է, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, խաղաղ բանակցությունների միջոցով: Մենք տեսնում ենք մեր դերը բոլոր մեր այն գործընկերներին աջակցելու հարցում, ովքեր կանգնած են նման ուղու վրա: Միաժամանակ՝ համարում եմ, որ բոլոր հակամարտությունները եզակի են: Միմյանց նման հակամարտություններ չկան: Կարծում եմ՝ Հայասատանի դիրքորոշումը հստակ է: Մենք խոսում ենք հակամարտության կարգավորման բանաձևի մասին, որը պետք է լինի ընդհանուր բոլոր հակամարտությունների համար, և որը կբացառի բռնի կերպով հակամարտության կարգավորումը:
Մենք պատրաստ ենք դրան Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում, և պատրաստ ենք նաեւ աջակցել ցանկացած այլ երկրի, հակամարտության կողմերին՝ բանակցություններ վարելու և այն խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:





























