Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում այսօր հրապարակվեցին կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալ Մովսես Ազարյանի նախաքննական ցուցմունքները: Ամբաստանյալը, թե՛ դատարանում, եւ թե՛ նախաքննության ընթացքում տված ցուցմունքում նշել է, որ կապ չունի Հայկազի մահվան հետ:
Իր ցուցմունքում ամբաստանյալը պնդել է, որ դեպքի նախորդ օրը՝ հունվարի 28-ին, ալկոհոլ չի օգտագործել, իսկ դեպքի գիշերը քնած է եղել եւ չգիտի, թե Հայկազի հետ ինչ է պատահել:
Այսօրվա դատական նիստում Ազարյանը սակայն խոստովանեց, որ այդ օրը չնչին քանակությամբ ալկոհոլ է օգտագործել:
«Չէի ուզում ինստիտուտից մի բաժակ օղու համար հեռացնեին»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով Հայկազ Բարսեղյանի մահվան հանգամանքներին, ամբաստանյալը նշեց, որ ինքը չգիտի՝ թե ինչ է եղել Հայկազի հետ:
Նախաքննության ընթացքում քննիչի հարցին, թե ինչպե՞ս կարող էր Հայկազը ցատկել եւ կախվել պտտաձողից, Ազարյանը նշել է, որ այդ հարցի պատասխանը կարող են տալ փորձագետները: Նշենք, որ այս քրեական գործով վկաները ցուցմունքներ են տվել, որ Հայկազը չէր կարող ինքնուրույն ցատկել եւ կախվել պտտաձողից:
Այսօրվա դատական նիստում Ազարյանը հերքեց նաեւ Հայկազի անունից կեղծ նամակ գրելու ենթադրյալ փաստը:
Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ Ազարյանը Հայկազի անունից կեղծ նամակ է գրել՝ հորդորելով իր մահվան մեջ որեւէ մեկին չմեղադրել:
Անդրադառնալով իր դեմ ցուցմունք տված անձանց, Ազարյանը նշեց, որ նրանք, ովքեր այդ վկաներն իրեն զրպարտել են:
Ամբաստանյալն այսօր հերթական անգամ հայտարարեց նախաքննության ընթացքում իր նկատմամբ կիրառված ենթադրյալ խոշտանգումների մասին:
Ազարյանի պնդմամբ՝ ռազմական ոստիկանության աշխատակիցներն իր նկատմամբ բռնություն են կիրառել, ինչի արդյունքում իր մարմնի վրա կապտուկներ են առաջացել, իսկ քթից արյուն է հոսել:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանի հարցին, թե ինչու՞ այդ կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել եւ միայն դատարանում է այդ մասին հայտարարում, ամբասատանյալը պատասխանեց.
«Էն ժամանակ ոչ մեկին ոչ մի բան չէր հետաքրքրում, ռեժիմն ուրիշ էր, եթե ասեի՝ էեական նշանակություն չէին, կամ կտանեին՝ կկորցնեին»:
Այսօրվա դատական նիստում գործով մեկ այլ ամբաստանյալ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը միջնորդեց՝ դատարան բերել եւ զննել ամբաստանյալների հագուստները՝ պարզելու՝ արդյոք դրանց վրա կան պատռվածքներ կամ արյան հետքեր:
Նշենք, որ այդ հագուստները գործով իրեղեն ապացույց չեն ճանաչվել:
Մեղադրող դատախզն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ հայտարարելով, որ փորձագետներն ուսումնասիրել են այդ հագուստները եւ եզրակացրել, որ դրանց վրա արյան հետքեր չկան:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիները: Ըստ մեղադրանքի՝ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը 2015թ. հունվարի 29-ին` ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին:





























