Պակիստանի արտգործնախարարը մտադիր է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Իսլամաբադում կայանալիք այցի ընթացքում քննարկել Վաշինգթոնի կողմից Պակիստանի զինված ուժերին տրվող 300 մլն դոլարի վճարման չեղարկումը, հաղորդում է Reuters-ը:

Շահ Մեհմուդ Քուրեշիի խոսքով, այս հարցը կքննարկվի սեպտեմբերի 5-ին Պոմպեոյի Իսլամաբադ այցի ժամանակ:

Նա նշել է, որ 300 միլիոն դոլարի վճարման չեղարկումը արդարացված չէ, քանի որ այդ գումարը նախատեսված էր որպես փոխհատուցում Պակիստանի զինվորականներին այն գումարի համար, որը ծախսվել էր Աֆղանստանում ԱՄՆ զորքերին սպառնացող թալիբների եւ այլ զինյալների դեմ պայքարում:

 «Սա օգնություն չէր, որը կասեցվել է: Դա այն գումարն էր, որը մենք ծախսել ենք: Դա մեր գումարն էր», - ասել է Քուրեշին: