Այս պահին գործող կառավարությունը մսխում է ՀՀ արտաքին քաղաքական կապիտալը, որը կուտակվել է տարիների ընթացքում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Նա հավաստեց՝ ուշի ուշով հետեւում է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումներին. «ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը եւ հանձնաժողովի նախագահն ավելի մեծ պարտականություններ ունեն այսօր՝ հաշվի առնելով, որ գործադիր իշխանությունում ներկայացված քաղաքական ուժերը միշտ չէ, որ իրականացնում են այնպիսի արտաքին քաղաքականություն, որոնք համահունչ են խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի տեսակետներին»։ 

Արմեն Աշոտյանի համոզմամբ՝  ՀՀ արտաքին քաղաքականությունն այսօր նմանվել է մի ճանապարհի, որտեղ սկսնակ վարորդն արդեն լավ քշվող մեքենայով է. «Խոսքը վերբերում է ե՛ւ հայ-ռուսական հարաբերություններին, որոնք լավագույն ժամանակները չեն ապրում. ակնհայտ է, որ դրա հիմքում ընկած են ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ քաղաքական զարգացումները ՀՀ-ում՝ կապված ինչպես երկկողմ, այնպես էլ վերպետական օրակարգի հետ՝ ՀԱՊԿ, ԵՏՄ-ի։ Կարծում եմ՝ ՀՀ արտաքին քաղաքականությունն այսօր նմանվել է մի ճանապարհի, որտեղ սկսնակ վարորդն արդեն լավ քշվող մեքենայով է։ Կուրսը հայտարարվել է նույնը, բայց պահել այդ կուրսը չի կարողանում, ամեն անգամ մե՛կ ձախ, մե՛կ աջ եզրին է խփում մեքենան։ Մե՛կ Մոսկվա են գնում ու ՌԴ-ի հետ հարաբերություններում խնդիրներ առաջացնում, մե՛կ գնում են Բրյուսել ու այնտեղ էլ խնդիրներ լուծել չեն կարողանում»։

Պատգամավորների կարծիքով՝ կառավարությունը սթափվելու խնդիր ունի, ՀՀ ազգային շահի վրա խարխսված քաղաքականություն վարելու խնդիր կա։

«Այսօր, հաշվի առնելով սուպերվարչաետական սահմանադրությունը եւ ժողովրդի կողմից ունեցած վստահությունը դեպի Նիկոլ Փաշինյան, ավտորիտար կառավարման միտումը շատ ավելի տեսանելի է»,– նշեց պատգամավորը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը նստել է մի մեքենա, որը քշել չգիտի։ 

«Ակնհայտ է, որ առաջացել են հարցեր եւ արտաքին քաղաքական մարտահրավերներ, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել։ Օրինակ՝ Փանիկ գյուղի միջադեպին հապճեպ տրված գնահատականները, որ դա սադրանք է, ՀԱՊԿ-ի վարկաբեկման գործընթացը»,- նկատեց նա։

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ տարածաշրջանն ու աշխարհը բազմաթիվ մարտահրավերներ են նետում, ուստի կառավարությունն ինքը չպետք է դառնա մարտահրավեր ՀՀ ազգային անվտանգությանը։

Աշոտյանի համոզմամբ՝ Փաշինյան-Պուտին հանդիպումը կարող է ջրբաժան դառնալ այն իմաստով, որ կարող է տալ հնարավորություն՝ վերահաստատելու ՀՀ-ՌԴ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների իրական փաթեթը, ոչ թե կենացային մակարդակով։

Նա հավելեց, որ Հայաստանի պետական շահերն եւ անվտանգային միջավայրը չպետք է սրվեն կառավարության անփույթ գործողությունների պատճառով։ «Հայ-ռուսական դաշինքը որոշակի փորձության առաջ է կանգնած՝ անփորձ եւ անփույթ արտաքին քաղաքականության պատճառով: Այստեղ Ռուսաստանի ղեկավարության մոտեցումներն այս պահին բավական սթափ եմ գնահատում»։