Անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 5-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը կարեւորել է Միացյալ Նահանգների ակտիվ դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում։
Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղարին՝ ԵԱՀԿ-ի Աստանայի համաժողովում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ ցուցաբերած հստակ եւ հավասարակշռված դիրքորոշման համար։
Հիլարի Քլինթոնը նշել է, որ ուրախությամբ է հիշում իր հայաստանյան այցը, եւ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:
Անդրադառնալով Հայաստան - Թուրքիա հարաբերություններին, պետքարտուղարը շեշտել է Միացյալ Նահանգների հաստատակամությունը` աջակցելու երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու գործընթացը շարունակելու հարցում:
Նախագահը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարը քննարկել են հայ - ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված մի շարք խնդիրներ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ հարցերի:
Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը Մյունխենից վերադարձել է Երեւան:




























