Թուրքիայի Դերսիմի հայերի միությունը հիմանդրվել է ընդամենը երեք ամիս առաջ, որի անդամները հիմնականում կրոնական եւ ազգային արմատներին վերադարձած հայեր են: Միությանն անդամակցում է շուրջ 80 մարդ։ Փետրվարի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց նույն միության նախագահ Միհրան Գյուլթեքինը՝ միաժամանակ ավելացնելով, որ միության ստեղծման նպատակը հայապահպանությունն է, աշխարհի եւ Դերսիմի հայերի կապերի ամրապնդումը։
Նրա խոսքով, նորաստեղծ միությունը ստեղծվել է այն բանից հետո, երբ ինքը որոշել է դատարանի միջոցով վերականգնել իր հայ ինքնությունը եւ դավանափոխ լինել՝ դառնալով իրական քրիստոնյա։ «Դերսիմի գյուղական համայքների բնակչության 75 տոկոսը հայեր են, սակայն քաջություն չունի հայտարարել այդ մասին։ Պատճառները մի քանիսն են. նախ.այդ մարդիկ վախ ունեն, որ Թուրքիայում կարող են իշխանության գալ դեռ 1890-ականներից հայերի դեմ կոտորածներ ծրագրած եւ իրագործած մարդկանց հետնորդները, բացի այդ, նրանք վախենում են կորցնել իրենց ունեցվածքը»,- բացատրեց Գյուլթեքինը։
Նրա հավաստմամբ, Դերսիմում բնակվող գրեթե բոլոր ընտանիքներում հնարավոր է հայկական արմատներ գտնել։ «Ես իմ հայ լինելու մասին իմացել եմ 7 տարեկանում, քրիստոնեական հավատքի վերադարձել միայն 50-ում։ Ընտանիքիս անդամների մի մասը հորդորում էր չդիմել դատարան եւ չվերկանգնել ինքնությունս, սակայն մյուս մասը սատարեց ինձ, եւ ես դատական երկար գործընթացներից հետո հասա նպատակիս»,- պատմեց Գյուլթեքինը՝ ավելացնելով, որ հայերի հանդեպ թուրքական կառավարության եւ անձամբ վարչապետի վերաբերմունքի պայմաններում դա այնքան էլ հեշտ չի տրվել իրեն։ «Իսլամական ավանդույթների խորացման ֆոնին Թուրքիայի վարչապետի բերանով հայ կոչվելը հայհոյանքի նման մի բան է»,- նշեց Միհրան Գյուլթեքինը։
Վերջում նա նշեց, որ ուրախ է գտնվել Հայաստանում եւ այսուհետ առավել հաճախ կգա հայրենիք։





























