2010 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների թիվը թեեւ կտրուկ նվազել է, սակայն աճել են տարբեր տեսակի այլ  ճնշումներն, այդ թվում եւ դատական ատյանների միջոցով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը` անդրադառնալով վերջին շրջանում լրատվամիջոցների դեմ ներկայացված դատական հայցերին, մասնավորապես` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանը, Լեւոն Սարգսյանը եւ անկուսակցական Սամվել Ալեքսանյանն ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի, Հայաստանի արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնն ընդդեմ NEWS.am-ի:

«Եթե մեր երկրում անկախ դատական համակարգ ձեւավորված լիներ, որեւէ մտահոգություն չէինք ունենա, որ  ներկայացված հայցերով  արդար դատաքննություն կընթանա: Բայց իրականությունն այլ է, եւ շատ հաճախ թե´ իշխանության ներկայացուցիչները, թե´ նաեւ այլ անկախ շրջանակներ հաշվեհարդար են տեսնում լրատվամիջոցների դեմ` հենց դատական ատյանների միջոցով»,- նշեց Մելիքյանը:

Նա նաեւ նշեց, որ թե չի շտապում հայտարարել, թե որտեղ է ճշմարտությունը եւ իրենց կազմակերպությունը դիրքորոշում կհայտնի համապատասխան դատավճռի հրապարակումից հետո միայն: «Որպեսզի որեւէ եզրահանգման գանք, պետք է բոլոր կողմերի փաստարկներին եւ հակափաստարկներին տեղյակ լինենք»,-հավելեց Մելիքյանը: Նրա խոսքով`հանուն արդարության պետք  է նշել, որ որոշ լրատվամիջոցներ եւ լրագրողներ ոչ ճշտված տեղեկություններ հրապարակելով, պիտակավորումներ օգտագործելով առիթ են ստեղծում նմանատիպ հայցերի համար: