Արաբկիր-Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ փետրվարի 7-ին երկամսյա կալանք է կիրառել Սարի Թաղի բնակիչներ 22-ամյա Վահան Ավագյանի եւ Անուշավան Գալստյանի նկատմամբ, ովքեր փողոցի դիտահորերի թուջե կափարիչներ էին գողացել: Նման միջնորդությամբ դատարան է դիմել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 երիտասարդները փետրվարի 3-ին ձերբակալվել էին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների կողմից: Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ նրանք միայն Արաբկիրում, մասնավորապես, Փափազյան փողոցից դեպքի Հրազդանի ձոր տանող, Սարալանջի, Թբիլիսյան խճուղի փողոցներից գիշերով գողացել էին թվով 84 դիտահորերի թուջե կափարիչներ:

«Գիշերով տանում էինք որտեղից պատահեր, հիմնականում Սարի Թաղ: Կվալտով կոտրում էինք, հետո հանձնում գունավոր մետաղների ընդունման կետերին»,- խոստովանել են սարիթաղցի երիտասարդները, ովքեր գողություն կատարելու համար 3 անգամ դատապարտված են եղել:

Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ կրկին անգամ):

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի