Կարսում տեղադրված եւ դեռեւս անավարտ վիճակում գտնվող հայ-թուրքական բարեկամությանը նվիրված արձանի քանդումը կանխելու համար Էրզրումի վարչական դատարան հայց է ներկայացվել։

 Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հայցադիմում նշվել է, որ խնդրո առարկա հուշարձանը համարվում է հայտնի քանդակագործ Մեհմեդ Աքսոյի ստեղծած ժամանակակից թուրք արվեստի նմուշներից մեկը։ «Աքսոյի  ստեղծած հուշարձանները զարդարում են Բեռլինի, Ստամբուլի եւ այլ քաղաքաների տեսարժան վայրերը»,-նշվել է հայցադիմումում։

 Նշենք, որ օրեր առաջ Կարսի քաղաքային խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել մաս-մաս քանդել «Մարդկության հուշարձան»-ը եւ տեղափոխել հարմար մի վայր։

NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցի ժամանակ «հրեշավոր» էր անվանել հայ-թուրքական բարեկամության նվիրված հուշարձանը եւ հրահանգել քանդել այն։

Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը: Սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն կրեց: Անավարտ արձանը  անորոշ  ճակատագրով տեղադրվեց Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում։