Քաղաքական իմաստով մենք ճանապարհ ենք անցել, որի համար երբեք չենք փոշմանի, վստահ եմ՝ Արամ Սարգսյանն էլ երբևէ չի փոշմանի, մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք:  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին Նոր Նորք վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի հավաքի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ հեղափոխության լավագույն կապիտալիզացիան կլինի սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանուն արտահերթ ընտրություններում քաղաքապետ ընտրելով իրենց դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին:

Ավագանու թեկնածու Անի Սամսոնյանն էլ հավաքվածներին կոչ արեց ուշադրություն դարձնել իրենց ծրագրին. «Սեպտեմբերի 23-ին վստահեք ձեր քվեն «Լույս» դաշինքին, և մենք կունենանք այն Նոր Նորքը, որը երազում եք դուք»:

«Լույս» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Դավիթ Խաժակյանն էլ ներկայացրեց, թե ինչ են իրենք խոստանում հատկապես Նոր Նորքի բնակիչներին:

«Նոր Նորքից Կենտրոն գնացող, ըստ էության, մեկ ճանապարհ կա, որը պարբերաբար խցանվում է եւ մեծ անհարմարություն պատճառում բնակիչներին, իսկ Կենտրոն տանող մյուս ճանապարհներն այնքան էլ հասանելի չեն, երկարացնում են ճանապարհը: Միասնական բանաձեւ չկա խնդիրը կարգավորելու համար, բայց «Լույս» դաշինքը քննարկել է խնդիրը ու իր ծրագրային դրույթներում եւս երկու կետ է ավելացրել: Առաջարկվում է բոլոր վարչական շրջանների համար կրկնվող լուծում՝ Մյասնիկյան փողոցի վրա առանձնացվող առանձին ավտոբուսային միջանցք, որը նախատեսված կլինի բացառապես հանրային տրանսպորտի թողունակությունն  ապահովելու համար»,- ասաց նա: