Ոստիկանությունը բացահայտել է դեռեւս հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու գյուղերից մեկում տեղի ունեցած ավազակային հարձակումը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա հունվարի 31-ին, ուշ գիշերին, Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր տրվել, որ գլխի եւ ծնկահոդի վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի 27-ամյա բնակիչ Գարիկ Խլղաթյանը: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խմբին վիրավորը պատմել էր, որ  գիշերը 3 դիմակավորված անձ պատուհանից մուտք են գործել իր տուն, ծեծի ենթարկել իրեն, ապա ատրճանակի սպառնալիքով հափշտակել ոսկյա 1 մատանի, 2 վզնոց ու բջջային հեռախոս:

Ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ` ոստիկանության քրեական հետախուզության, Գեղարքունիքի մարզային վարչությունների եւ Մարտունու բաժնի աշխատակիցների ներգրավմամբ:

Փետրվարի 4-ին ոստիկանների կողմից ձերբակալված 30-ամյա Արմեն Հակոբյանը իր տան տանիքից իրավապահներին է ներկայացրել հանցագործության գործիք ինքնաշեն թմբուկավոր ատրճանակը` լիցքավորված 7,2 մմ տրամաչափի 7 փամփուշտով եւ 1 կրակված փամփուշտի պարկուճով:

Քննչական գործողությունների արդյունքում Արմեն Հակոբյանը խոստովանել էր, որ ավազակային հարձակումը կատարել է ինքը, 25-ամյա Նիկոլայ Ղազարյանի, 29-ամյա Խաչիկ Պարսամյանի եւ տուժողի հարսի հորաքրոջ տղայի` Տարոն Մանուկյանի հետ: Մեր տեղեկություններով, հանցագործ խմբին ուղղորդել է Տարոն Մանուկյանը:

Ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումներով պարզվել է, որ Խաչիկ Պարսամյանը այդ գիշեր իր անձնական օգտագործման «ՎԱԶ-2107» մակնիշի 04 ԼՕ 928 համարանիշի ավտոմեքենայով են գնացել հանցագործության վայր: Ավտոմեքենայում իր հետ եղել են Նիկոլայ Ղազարյանն ու Արմեն Հակոբյանը:  

Նրանք իրենց ավտոմեքենայի վրա տեղադրել են տաքսու տարբերանշան, հավանաբար հետքերը կորցնելու համար:

Արդեն «Նուբարաշեն» ՔԿՀ են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից երկամսյա կալանքի ենթարկված Արմեն Հակոբյանն ու Տարոն Մանուկյանը: Իսկ Խաչիկ Պարսամյանի եւ Նիկոլայ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի