Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայ Ազգային Կոնգրեսի՝ սեպտեմբերի 18-ին կայացած բազմահազարանոց հանրահավաքում անդրադարձել է նաեւ Հայաստանի տնտեսական վիճակին եւ նշել, որ ՀԱԿ՝ երկու ամիս առաջ անցկացրած հանրահավաքից ի վեր երկրում որեւէ դրական տեղաշարժ չի գրանցվել: «Ընդհակառակը, ամենուրեք մենք ականատեսն ենք ավազակապետական համակարգին բնորոշ արատավոր երեւույթների խորացման, պետության կատարյալ քրեականացման եւ երկրի առջեւ կանգնած խնդիրների էլ ավելի բարդացման»,- նշել է առաջին նախագահը եւ հավելել, թե չնայած Հայաստանին տրամադրված հսկայական միջազգային վարկերին ու կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներին, տնտեսությունը ինչպես գահավիժում էր, այնպես էլ շարունակում է գահավիժել, այն էլ՝ ավելի արագացված տեմպերով։ «Դրա ամենապերճախոս վկայությունն է նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատ ընթացիկ տարվա տնտեսական անկման դինամիկան. հունվար–ապրիլ՝ 9.3 տոկոս, հունվար–մայիս՝ 15.7 տոկոս, հունվար–հունիս՝ 16.3 տոկոս, հունվար–հուլիս՝ 18.5 տոկոս»,- մանրամասնել է Տեր-Պետրոսյանը եւ հավելել. «Սա նշանակում է, որ կամ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները իրավիճակին համարժեք չեն, կամ արտերկրից փոխառված ֆինանսական միջոցները ճիշտ չեն օգտագործվում, կամ էլ՝ դրանք պարզապես մսխվում են»։

Ըստ առաջին նախագահի՝ ամենաողբալի վիճակում են հայտնվել մանավանդ մանր ու միջին ձեռնարկատերերը, որոնք «մի կողմից ենթարկվում են անխնա հարկային կամայականությունների, մյուս կողմից՝ բարձր տոկոսադրույքների պատճառով զրկված են վարկեր ձեռքբերելու հնարավորությունից, իսկ երրորդ կողմից՝ խեղդվում են ապօրինի մաքսային արտոնություններով օժտված մենաշնորհային ընկերությունների մրցակցությունից»։ Ընդ որում, ըստ Տեր-Պետրոսյանի՝ խնդիրն ամենեւին անձերին չի վերաբերում, որովհետեւ նրանց փոփոխությունն անզոր է որեւէ կերպ ազդելու իրականության վրա։ «Քոչարյանի եւ Սարգսյանի ձեւավորած ավազակապետական համակարգում այլ տիպի ու որակի կառավարություն չի կարող գոյություն ունենալ։ Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարություններն էությամբ իրարից ոչնչով չեն տարբերվում։ Եթե Սերժ Սարգսյանը շարունակի զբաղեցնել նախագահի աթոռը, հաջորդ կառավարությունը եւս նրանցից ոչնչով չի տարբերվելու։ Այնպես որ, անիմաստ է որեւէ հույս կապել վարչապետի եւ կառավարության հնարավոր փոփոխության հետ, ինչի մասին խոսակցությունները վերջերս հաճախակի են դարձել»,- նշել է Տեր-Պետրոսյանը եւ արձանագրել, որ կարող է թվալ, թե ինքը մռայլ գույներով է ներկայացնում Հայաստանի տնտեսական վիճակը։ «Հավատացնում եմ՝ իրականությունը շատ ավելի մռայլ է, քան իմ ներկայացրածը»,- բարձրաձայնել է Տեր-Պետրոսյանը։