«Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ դատարանի կայացրած վճռից հաշվեհարդարի հոտ է գալիս: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը` անդրադառնալով «ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանն ու Լեւոն Սարգսյանն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի» գործով  վճռին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ փետրվարի 7-ի որոշմամբ օրաթերթը պետք է ԱԺ պատգամավորներին  վճարի 2 մլն 44 հազարական դրամ գումար՝ նրանց պատիվն եւ բարի համբավն արատավորելու համար։ Դատական գործը, հիշեցնենք,  հարուցվել էր թերթի այն հրապարակման կապակցությամբ, որում նշվում էր, թե ՌԴ-ում հարուցված մի շարք քրեական գործերում հիշատակվում է վերոնշյալ պատգամավորների անունները։ Աշոտ Մելիքյանն արձանագրեց, որ դատարանը հաշվի չի առել հետագայում հոդվածի վերաբերյալ տպագրած ճշտումը (սկզբում տպագրվել էր հոդվածի ոչ սրբագրված տարբերակը-խմբ.)  եւ այն, որ թերթի խմբագրությունը նախքան դատական նիստը  բացահայտել է իրեն տեղեկություն տրամադրած աղբյուրի անունը։

«Եթե խմբագրությունը նույնիսկ սխալվել է, ապա իր սխալն զգացել է և շտկել՝ նախօրոք բացահայտելով իր աղբյուրը։ Դա դատարանի կողմից հաշվի չառնելը տարօրինակ տպավորություն է թողնում»,- ընդգծեց նա։ Նրա խոսքով` թերթի նկատմամբ մաքսիմալ պատիժ է սահմանվել, առանց հաշվի առնելու թերթի ֆինանսական վիճակը։