Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանը, փետրվարի 7-ին մասամբ բավարարելով «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ ԱԺ մի խումբ պատգամավորների հայցը եւ թերթին ֆինանսական մեծ փոխհատուցում պարտադրելով, մեկ ավելորդ անգամ եւս ապացուցում է, որ դատարանները Հայաստանում ընդամենը իշխանության ձեռքի գործիք են: Այս մասին հայտարարել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, հավելելով. «Իշխանությունը փորձում է լռեցնել ազատ տպագիր մամուլը` նմանեցնելով այն տարիներ շարունակ ձեռնասուն դարձած անդեմ ու անորակ հեռուստաեթերին»:
«Հայկական ժամանակն» ընդամենն իր աղբյուրի վրա հղում անելով «վիրավորված» պատգամավորների մասին տեղեկատվություն էր տարածել:
Ավելին` տեղեկատվության աղբյուր հանդիսացող անձը բազմիցս հրապարակավ հայտարարել է պարզաբանումներ տալու իր պատրաստակամության մասին, բայց դատարանը` իր առաջ իշխանությանն անհաճո թերթին պատժելու հանձնարարություն ունենալով, կայացրեց պահանջվող վճիռը:
ՀՀ իշխանությունը, ելնելով իր բնույթից, չի կարողանում հանդուրժել ազատ խոսք ու ամեն ինչ արել ու անելու է այն ճնշելու համար: Իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ գտնում է, որ Հայկական ժամանակ օրաթերթի դեմ կայացված այս դատավճիռն իրականում դատավճիռ է հայաստանյան յուրաքանչյուր ազատ թերթի ու լրատվամիջոցի դեմ եւ կոչ է անում ՀՀ-ում գործող հասարակական ու քաղաքական կազմակերպություններին, իրավապաշտպաններին, ՀՀ քաղքացիներին անկախ իրենց քաղաքական հայացքներից ու նախապատվություններից, իրենց ձայնը բարձրացնել հօգուտ Հայկական ժամանակի դրանով պաշտպանելով Հայաստանում ազատ մամուլի ու ազատ խոսքի գոյության իրավունքը»,- ասված է իրավապաշտպանի հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ փետրվարի 7-ի որոշմամբ «ՀԺ»-ն պետք է ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանին, Լեւոն Սարգսյանին եւ Սամվել Ալեքսանյանին վճարի 2 մլն 44 հազարական դրամ գումար՝ նրանց պատիվն եւ բարի համբավն արատավորելու համար:





























