Տարբեր պատճառաբանություններ կան, թե ինչու չի գործում Արփա-Սեւան թունելը, բայց փաստն այն է, որ չի գործում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լումների ժամանակ նշեց բնապահպան Ինգա Զարաֆյանը:
«Ջրառը սկսվեց ապրիլի կեսից, երբ ամեն օր ունեինք անձրեւներ, ինչու սկսվեց՝ պարզ չի: Ոչ ոք չի խոսում ձկնաբուծարանների մասին, չնայած հենց այդ պատճառով ունենք ջրի ոչ նորմալ բաշխում եւ մեծ կոռուպցիոն ռիսկեր»,- ասաց նա՝ հավելելով. «Եթե ուզում ենք Սեւանի խնդիրները լուծել, ապա պետք է հասկանանք, թե որոնք են պատճառները եւ վերացնենք այդ պատճառները, որոնք կապված են կոռուպցիոն ռիսկերի հետ»:
Ի պատասխան Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը նշեց Արփա-Սեւան թունելը վերակառուցման ընթացքի մեջ է, եւ ընդհատման ժամանակ 130 մլն խմ ջուր կարողացել են տեղափոխել Սեւան: Նա նշեց, որ փորձում են այնպես անել, որ վերանորոգման աշխատանքները 2020 թվականից տեղափոխեն մինչեւ 2019 թվականի ապրիլի 1-ը:
Հարցին, թե ի՞նչն է եղել պատճառը, որ ջրառը սկսել են ապրիլի կեսից, երբ անձրեւներ կային, Ջավադյանը պատասխանեց, որ դեկտեմբերից սկսած ձյան կուտակումներ չեն եղել. «Հետեւապես Սեւանի գետերն էլ ջուր չէին կարող բավարար քանակությամբ բերել: Այս տարի 790 մլն-ից կարողացել են բերել 500-600 մլն խմ ջուր, որովհետեւ վիճակը լավ չէր: Երբ մենք բաց թողեցինք այն ժամանակ թույլատրելի 170 մլն-ից տանելու համար, մայիսի 5-ին անձրեւները սկսեցին, կանգնեցրինք, եւ մինչեւ հունիսի 18-ը ոչ մի լիտր ջուր դուրս չեկավ Սեւանից: Բայց հաշվի առնելով, որ ձյան կուտակումներ չկան, այդ ժամանակ 9 սմ–ով իջավ լիճը: Հետո երբ ամեն ինչ դատարկվեց, չլցվեց նաեւ Ապարանի ջրամբարը, մնացած ջրամբարները լցվեցին, փառք Աստծո: Դա մեզ փրկեց»,- ասաց նա:




























