Ֆրանսիայի Ազգային Ժողովում փետրվարի 8-ին տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության մասին օրենքի ընդունման 10-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ, սենատորներ, Ֆրանսիայի մտավորական շրջանակների ներկայացուցիչներ:
Միջոցառման նախաձեռնողն էր Ազգային Ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամական խմբի փոխնախագահ, ԱԺ վարչական եւ ֆինանսաբյուջետային հարցերով խորհրդարանական բյուրոյի ղեկավար, իշխող` «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության անդամ, Բուշ-դյու-Ռոնի դեպարտամենտից պատգամավոր ընտրված Ռիշար Մալյեն:
Հանդիսությանը բացման խոսքով հանդես է եկել Ֆրանսիայի ԱԺ «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամական խմբի նախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, կառավարող կոալիցիայի մաս կազմող «Նոր կենտրոն» կենտրոնամետ աջ կուսակցություն անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը: Նա գնահատել է 10-ամյա վաղեմության իրադարձությունը եւ կարեւորել Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում քրեական պատիժ սահմանող օրինագծի Ֆրանսիայի Սենատի կողմից առաջիկայում ընդունելու հանգամանքը:
Հանդիսավոր միջոցառմանը հանրագումարային եւ վերլուծական ելույթներով հանդես են եկել ֆրանսիացի այլ պատգամավորներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառման ավարտին ամփոփիչ խոսք է ասել Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը:





























