Անկարայի ավտորիտար քաղաքականության հետ կապված՝ Եվրոպական խորհրդարանը մերժել է Թուրքիային, որպես օգնություն, 70 մլն եվրո տրամադրել։ Համապատասխան առաջարկին հոկտեմբերի 2-ին կողմ են քվեարկել 544 պատգամավորներ, 28-ը դեմ են եղել, 74-ը՝ ձեռնպահ՝ տեղեկացնում է DW-ն։

Անկարայի համար նախատեսված գումարը ԵՄ-ի բյուջեում առանձնացվել էր Թուրքիայում, որպես ԵՄ անդամության թեկնածու երկրում, բարեփոխումների աջակցության համար։ Այդպիսի գումարի տրամադրումը կախված է մի շարք պայմանների կատարումից՝ իրավական երկիր դառնալու, ժողովրդավարության, ԶԼՄ-ների ազատության, մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում էական առաջընթաց գրանցելու դեպքում։ Ապրիլին Եվրահանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ այս ոլորտներում երկիրը բավական հեռացել է ԵՄ-ից։

Այժմ այդ գումարը կուղղվի Հարեւանության եվրոպական քաղաքականության ծրագրին, որը ստեղծվել է ԵՄ-ից արեւելք եւ հարավ տեղակայված երկրների բարեփոխումների աջակցության եւ համագործակցության ամրապնդման նպատակով։