Այն ուժերը, որոնք «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխություններին կողմ են քվեարկել, նրանք ԱԺ լուծարմանը դեմ չեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐմեն Ռուստամյանը:

«Մենք լուծարմանը դեմ չենք եւ հայտարարում ենք, որ դա տեղի ունենա սահմանադրորեն, ու եթե հակասահմանադրական միջոցներով ենք լուծարում խորհրդարանը, ական ենք դնում գործընթացի տակ:

Ես հուսով եմ ճգնաժամ չի առաջանա, որովհետեւ ամեն ինչի պատասխանատուն գործադիր իշխանությունն է: Եթե գործադիրը տանում է այս ուղղությամբ, պատասխանատվությունն էլ մնալու է իր վրա»,-հայտարարեց Ռուստամյանը:

Նա ընդգծեց, որ պետք է արտահերթ ընտրությունների գնայինք համախոհությամբ. «Եթե համախոհություն չկա, պառակտվելու է հասարակությունը եւ ես սրանից լավ հոտ չեմ առնում: Կարող է հիմա բոլորը մեզ քարկոծեն, բայց հանուն վաղվա ճշմարտության, թող որ այսօր լինեմ սխալ: Եթե մեր ընդունած նախագիծը հակասահմանադրական է, թող դիմեն ՍԴ, բայց հանրահավաքներով Սահմանդրության որոշել ճիշտն ու սխալը որոշելը այդպիսի բան աշխարհում չի եղել»,-ասաց Ռուստամյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ն այսօր ընդունել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունները, որը, ըստ «Ելք»-ի պատգամավորների թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո:

Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել են ԱԺ շենքի մոտ եւ շրջափակել շենքը: