Փետրվարի 3-9-ին տարածաշրջանում 6 երկրաշարժ է արձանագրվել: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ընթացքում Հայաստանի տարածքում գրանցել է 3 բալանոց սեյսմիկ ցնցում: Այն տեղի է ունեցել փետրվարի 8-ին Գյումրի քաղաքից 20 կմ դեպի հյուսիս-արեւելք:

Տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է հինգ երկրաշարժ: Փետրվարի 3-ին Թուրքիայում, Վան քաղաքից 19 կմ դեպի հյուսիս-արեւելք,  տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ թույլ երկրաշարժ: Նույն ուժգնությամբ երկու սեյսմիկ ցնցում է գրանցվել փետրվարի 4-ին եւ 5-ին, համապատասխանաբար Ադրբեջանի Գյանջա քաղաքից 31 կմ դեպի հյուսիս-արեւմուտք եւ Վրաստանի Դմանիսի քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Փետրվարի 7-ին 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստան-Թուրքիա սահմանային գոտում` Քոբուլեթի քաղաքից 67 կմ դեպի հարավ-արեւելք:  Հաջորդ սեյսմիկ իրադարձությունը գրանցվել է փետրվարի 8-ին Թուրքիայում` Վան քաղաքից 21 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով տեղի է ունեցել երկու ուժեղ երկրաշարժ: Փետրվարի 4-ին Հնդկաստան-Մյանմա (Բիրմա) սահմանային գոտում` հնդկական Մանիպուր նահանգում, 6.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, ինչի հետեւանքով խուճապ է առաջացել մոտակա բնակավայրերում: Փետրվարի 7-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսի ավազանում` Պապուա Նոր Գվինեայի Բուգենվիլ կղզու շրջանում, ցունամի չի առաջացրել: