Խորհրդարանն սկսել է Հանրային հեռուստառադիոընկերության 2009 թվականի գործունեության մասին զեկույցի քննարկումը։

Պատգամավորներն իրենց ուշադրությունը սեւեռել են Հանրային հեռուստաընկերության գործունեության վրա։ Վերջինս արժանացել է նրանց կտրուկ քննադատությանը։ Մասնավորապես, պատգամավորները դժգոհել են անորակ սերիալներից եւ դաստիարակչական բնույթի հաղորդումների պակասից։

Այսպես, ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարել է, որ հանրային հեռուստատեսությունում  ամեն ինչ խառնվել է իրար՝ չկայացած երգիչները ֆիլմերում են խաղում, չկայացած դերասանները՝ երգում։ Նրա խոսքով, Հանրայինը պետք է ցուցադրի հայրենասիրական, դաստիարակչական բնույթի ֆիլմեր եւ ծրագրեր։

Այս կարծիքի հետ մասամբ համաձայնել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավար Ալեքսան Հարությունյանը, ով եւս ընդգծել է դաստիարակչական եւ հայրենասիրական բնույթի հաղորդումների եւ ֆիլմերի կարեւորությունը։ Սակայն, ինչպես խոստովանել է Հարությունյանը, ֆինանասական միջոցները դրանց համար չեն բավականացնում։