«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեն ապօրինի է համարում Ազգային ժողովի կողմից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրաժարակն ընդունելու փաստը:
Այդ կապակցությամբ Կոմիտեն հայտարարել է, որ ԱԺ-ն հիմք է ընդունել ԱԺ կանոնակարգի 97-րդ հոդվածի 6բ/-րդ կետը, այնինչ դա միայն հնարավորություն է տալիս ՄԻՊ հրաժարականի քննարկման համար:
«Նույն հոդվածի 8-րդ կետի պահանջների համաձայն, ԱԺ-ն, իր կանոնակարգի 55-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջների համաձայն, պարտավոր էր քննարկել եւ գաղտնի քվեարկությամբ որոշում ընդուներ ՄԻՊ հրաժարականի վերաբերյալ: Ինչը ե՜ւ տրամաբանական է, ե՜ւ իրավական:
Հույս ենք հայտնում, որ գոնե ՄԱԿ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը միջոցներ կձեռնարկի օրինականացնելու «100 տարին մեկ» պաշտոնի առաջարկություն ստացածի նշանակումն իր ներկայացուցչի պաշտոնում»,- ասված է հայտարարության մեջ:





























