Եթե կան մարդիկ, ովքեր ապացույցներ ունեն, որ ես կաշառք եմ պահանջել, թող հրապարակեն դրանք: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը` մեկնաբանելով Wikileaks կայքի հրապարակումները, թե ինքը նախարար եղած ժամանակ 3 մլն դոլար կաշառք է պահանջել:
«Զարմանում եմ, եթե կա ձայնագրություն, հրապարակեք: Եթե կա թերթ, որը պնդում է, թե Աշոտ Պողոսյանն ասել է, որ ես կաշառք եմ պահանջել... ես պատրաստ եմ դատի տալ: Ասեք ինձ նրա անունն ու ազգանունը, ով ասել է այդ մասին: Ես 7 տարի պնդում եմ նույն բանը, 7 տարի ապացուցում եմ, որ ես ես եմ»,- վրդովվել է Այվազյանը` խոստովանելով, որ ասուլիսի է եկել հենց այդ հրապարակումը հերքելու համար:
Նա ասել է, թե չի պատրաստվում դատարան դիմել իր որոշ գործընկերների պես, սակայն այդ թեման իրեն արդեն նյարդայացնում է:
«Հետաքրքիր կապ... 3 միլիոն կաշառք, Մուրադ Գուլոյան... Ի՞նչ գործ ունի Մուրադ Գուլոյանն ու հանքի մշակումը»,- ասել է նա` հավելելով, որ իր դեմ հրապարակումները հատուկ պատվեր են քաղաքական որոշ ուժերի կողմից:
Նշենք, որ ըստ Wikileaks-ի հրապարակումների, Վարդան Այվազյանը 3 միլիոն կաշառք է պահանջել «Global Gold Corporation» ընկերությունից եւ պահանջել է այդ գումարը տալ Մուրադ Գուլոյանին:





























