Երեւանի քաղաքապետարանի եւ ավստրիական «ՍՎԱՐԿՈ» ընկերության միջեւ այսօր՝ փետրվարի 10-ին Երեւանում ստորագրվել է փոխշահավետ համագործակցության պայմանագիր, համաձայն որի ծրագրեր կիրականացվեն մայրաքաղաքային տնտեսության ոլորտներում:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրերը վերաբերում են, մասնավորապես, ավտոկայանատեղիների կազմակերպման եւ քաղաքային լուսավորության ցանցի արդիկանացման ու էներգախնայողության համակարգի ներդրմանը:
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում տեխնիկական հիմնավորմամբ հստակ բիզնես ծրագրեր մշակել, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում համատեղ ձեռնարկություն ստեղծել:
Հաշվի առնելով, որ «ՍՎԱՐԿՈ»-ն առաջատար միջազգային ընկերություն է` մասնագիտացած ճանապարհային ցուցանակների, ազդանշանային եւ ճանապարհային երթեւեկության կարգավորման համար նախատեսված սարքավորումների, ծառայությունների մատուցման եւ լուծումների առաջարկման ոլորտում, քաղաքապետարանը որոշել է երկարաժամկետ համագործակցություն ծավալել ընկերության հետ:





























