Վրաստանում էժան գների դարաշրջանը արդեն ավարտվել է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Ինչպես հայտնում է վրացական «Ասավալի-դասավալի» թերթը՝ այսօր Վրաստանում գները աճում են ամեն օր, ինչը Վրաստանի բնակչության շրջանում իրարանցում է առաջացնում։ Ըստ տնտեսական գիտությունների դոկտոր Լադո Պապավայի Վրաստանում գների աճ իհարկե սպասելի էր, քանի որ Վրաստանում ապրանքների 80 տոկոսը ներմուծվում է: Նա նկատել է, որ հետխորհրդային երկրների մեջ, գների աճի տեմպով Վրաստանը երկրորդն է՝ Ղրղըզստանից հետո:
«Ինչու պետք է Վրաստանում նման գներ լինեն, եթե մեր հարեւան երկրում՝ Հայաստանում ապրանքը թանկացել է ընդամենը 9,5 տոկոսով, իսկ Ադրբեջանում՝ 5,7 տոկոսով»,-ասել է վրացի տնտեսագետը։
Նրա ներկայացմամբ, այսօր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իրեն այնպիսի ծախսեր է թույլ տալիս, ինչն անհասկանալի է եւ անհեթեթ։ «Օրինակ, այս փոքրիկ, աղքատ պետությանն ինչու է անհրաժեշտ երկու խորհրդարանի շենք, կամ ինչու է նույն ճանապարհը կառուցվում մի քանի անգամ։
Նախագահը եւ կառավարությունը չեն էլ ժխտում, որ երկիրը տանում են դեպի ավտորիտար վարչակարգ։ Ես չգիտեմ, թե Սահակաշվիլին քանի տարի կղեկավարի պետությունը, բայց մի բան հաստատ գիտեմ, քանի դեռ Սահակաշվիլին Վրաստանի նախագահն է, երկրի բնակչությունը լավ օրի չի արժանանա»,-ընդգծել է պրոֆեսորը։
Ըստ նրա, Սահակաշվիլին շատ լավ գիտի. Որ որքան աղքատ լինի մարդը, այնքան հեշտ կլինի գնել նրա ձայնը։





























