Ուկրաինական հեղինակավոր «Image.ua» միջազգային գործարարական պրեմիում կարգի ամսագիրը 2011 թ.-ի իր առաջին համարում «Ուկրաինա-Հայաստան» վերնագրով լայնածավալ անդրադարձ (ռուսերեն եւ անգլերեն) է կատարել Հայաստանին:

Ամսագրի 28-ից 51-րդ էջերը  ամբողջությամբ նվիրված են հայ-ուկրաինական հարաբերություններին, Հայաստանի պատմությանը, հայ մշակույթին: Հոդվածում Հայաստանը ներկայացվում է որպես քաղաքակրթության ակունքներում գտնվող հնագույն երկիր` հարուստ քրիստոնեական սրբավայրերով եւ պատմական խորը անցյալի վկայություններով, ընդգծվում է հայ ժողովրդի անգնահատելի ներդրումը Ուկրաինայի մշակույթի զարգացման գործում:

Համառոտ կերպով տրվում է երկրի անցյալի եւ ներկայի նկարագիրը, արտահայտիչ լուսանկարների միջոցով ներկայացվում են Հայաստանի  պատմական եւ մշակութային հուշարձանները, առկա են հոդվածներ աշխարհահռչակ հայազգի գործիչների, մասնավորապես նկարիչ Մարտիրոս Սարյանի, մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրի, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու, Արամ Խաչատրյանի, Անաստաս Միկոյանի, Սերգեյ Փարաջանովի եւ այլոց մասին:

Ամսագիրը ընթերցողներին ծանոթացնում է նաեւ Մեծ Եղեռնի իրողության հետ: Հոդվածի մեջ տեղ է գտել ընդարձակ հարցազրույց Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ, ինչպես նաեւ հայ-ուկրաինական հարաբերություններին վերաբերող հատվածներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրին տրված հարցազրույցից: