Վրաստանի վերաքննիչ քրեական դատարանում սեպտեմբերի 18-ին կայացել է ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր դատավճռի բողոքարկման երկրորդ դատալսումը:

«Երկիր» միությունից NEWS.am-ին հայտնում են, որ դատավարությունը կրկին անցել է լուրջ խախտումներով: Մասնավորապես.

ա) Դատական նիստում Վահագն Չախալյանի հայ փաստաբան Ստեփան Ոսկանյանը փորձել է դատարանից ստանալ քաղվածք դատական նիստերի արձանագրությունից, որտեղ Վերաքննիչ դատարանը նրան ճանաչել է որպես Վահագն Չախալյանի փաստաբան: Սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը, պատճառաբանելով, որ արձանագրությունները կարող են տրվել միայն դատալսումների ավարտից եւ դատավճռի կայացումից հետո, իսկ փաստաբանի իր պաշտպանյալի հետ տեսակցելու խնդիրը դատարանի իրավասությունների շրջանակից դուրս է: Դատարանը մերժել է նաեւ հայ փաստաբանի միջնորդությունը` իրեն ժամանակ հատկացնել Վահագն Չախալյանի հետ առանձնազրույց ունենալու համար: Հայ փաստաբանը մտադիր է առանձին հայցով դիմել դատարան` Վահագն Չախալյանին բանտում օգոստոսի 18-ին տեսակցել թույլ չտալու փաստի առնչությամբ:

բ) Դատարանը մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած այլ միջնորդությունները, այդ թվում` դատարանին բացարկ հայտնելու, գործում առկա մի շարք նյութեր որպես «անթույլատրելի ապացույց» ճանաչելու վերաբերյալ:

գ) Ինչպես եւ Ախալցխայի առաջին ատյանի դատարանի պարագայում` դատական նիստերն ընթացել են առանց Վահագն Չախալյանի ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի մասնակցության: Վրաստանի արդարադատության նախարարությունը մերժել էր նրան գրանցել, իսկ երբ Վահագն Չախալյանը բողոքարկել էր այդ որոշումը դատարանում, վրացական իշխանություննրը փոխել էին օրենքը եւ ընդհանրապես հանել արտերկրի փաստաբաններին Վրաստանում դատապաշտպանություն իրականացնելը թույլատրող դրույթը:

դ) Շարունակվել է ցածր մակարդակով տարվել հայերենից վրացերեն եւ վրացերենից հայերեն թարգմանությունը: Սեպտեմբերի 18-ի դատական նիստը թարգմանվել է նոր թարգմանչի կողմից, որը սակայն նույնքան ոչ իրավասու էր, ինչպես եւ նախորդ նիստին ներկա թարգմանիչը:

«Երկիր» միությունը նաեւ դատարանի կողմից իրականացված այլ խախտումներ է արձանագրել:

«Վերլուծելով վերոնշյալ փաստերը` կարելի է արձանագրել, որ վրացական իշխանություններն ինչպես եւ առաջին ատյանում գործի դատալսման ընթացքում, հետեւողականորեն ընթանում են դատավարության հնարավորինս ձգձգման, եւ դրան զուգընթաց` Վահագն Չախալյանի բանտային պայմանների խստացման միջոցով` նրան հյուծելու իրենց ավանդական մարտավարությունը»,- նշել են «Երկիր» միության պատասխանատուները:

Ի դեպ, դատարանը կրկին տեւական ժամանակով գործի քննությունն ընդմիջել է: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 23-ին:

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Վրաստանի քր. օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում), հոդված 226-ով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետերով (Խուլիգանություն) եւ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Իսկ նրա հայրը՝ Ռուբեն Չախալյանն ու եղբայրը՝ Արմեն Չախալյանը դատապարտվել են համապատասխանաբար 5,000 լարի (շուրջ 3,000 ԱՄՆ դոլար) եւ 2,000 լարի (շուրջ 1,200 ԱՄՆ դոլար) տուգանքի: