Փետրվարի 10-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում կայացել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցի ուղղումների եւ փոփոխությունների քվեարկությունը:

Զեկույցում անդրադարձ կա ինչպես հայ-թուրքական հարաբերություններին, այնպես էլ Հրանտ Դինքի սպանության գործին: Մասնավորապես, զեկույցի 32-րդ  հոդվածում կոչ է արված «երկու կողմերին` Հայաստանին եւ Թուրքիային առանց նախապայմանների վավերացնել երկկողմ հարաբերությունների հաստատման արձանագրությունները եւ բացել սահմանը, նաեւ Թուրքիային կոչ է անում օգտագործել իր տարածաշրջանային կշիռը վստահության միջոցների ընդլայնման ուղղությամբ»: Ի դեպ, 32-րդ հոդվածի փոխզիջումային տարբերակը համաձայնեցվել է միայն երեկ երեկոյան, հիմնական եւ ստվերային  զեկուցողների հերթական հանդիպման ընթացքում:

Զեկույցի 12-րդ հոդվածը նվիրված է Էրեգենեքոնի գործին եւ Հրանտ Դինքի սպանությանը, նաեւ զեկույցի հոդվածներից մեկն անդրադառնում է Թուրքիայում փոքրամասնություններին առնչվող հարցերին:

Զեկույցի վրա հիմնված բանաձեւը քվեարկության կդրվի Եվրախորհրդարանի մարտի 7-10-ը կայանալիք նստաշրջանի ընթացքում: