Միջազգային արժութային ֆոնդի գործադիր կոմիտեն ուրբաթ օրը, սեպտեմբերի 18-ին, համաձայնել է իր պահուստից վաճառել 403 տոննա ոսկի, որից ստացված գումարները ԱՄՀ-ն կուղղի աղքատ երկրներին վարկ տրամադրելու հավելյալ միջոցներ ստեղծելու համար, հայտնում է AFP-ն։
Ոսկյա պահուստի վաճառքի որոշումը 2009 թվականի ապրիլին, Լոնդոնում տեղի ունեցած «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովում արժանացել է հավանության։
Ինչպես նշվում է ԱՄՀ-ի տարածած տեղեկատվության մեջ, այդքան մեծ ծավալով ոսկու վաճառքը, որը կազմում է ֆոնդի պահուստի մեկ ութերորդ մասը, ներգործություն չի ունենա թանկարժեք մետաղների շուկայական գների վրա։
Ինչպես հայտնում է գործակալությունը, ԱՄՀ-ն, ելնելով միջին շուկայական գներից, ոսկու դիմաց կարող է ստանալ ամենաքիչը 13 միլիարդ դոլար։



























