Վիկտոր Յանուկովիչը ջերմորեն է հիշում անցյալ տարի Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումները եւ սպասում է Հայաստանի նախագահի այցին Ուկրաինա: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոն՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ուկրաինայի արտգործնախարարը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է այցի շրջանակներում հայ գործընկերոջ հետ ունեցած հանդիպման եւ տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ուղղված բանակցությունների արդյունքները` դրանք համարելով բազմաբնույթ եւ արդյունավետ:
«Մենք հուսով ենք, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկխոսությունը կզարգանա բոլոր մակարդակներում` սկսած ամենաբարձր մակարդակից: Հայաստանի արտգործնախարարի հետ մենք պայմանավորվեցինք հաճախ հանդիպել, քանի որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպե՞ս է զարգանում իրավիճակը մեր տարածաշրջանում եւ ձեզ մոտ: Եվ քանի որ այս գլոբալ աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, պետք է խորհրդակցել այն թեմաներով, որոնք հիմա առավել արդիական են»,-ասել է Ուկրաինայի արտգործնախարարը:
Հանրապետության ղեկավարի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել վերջին մեկ տարվա ընթացքում երկկողմ քաղաքական հարաբերություններում արձանագրված դրական տեղաշարժերին զուգահեռ տնտեսության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ուկրաինական փոխգործակցության զարգացմանը:





























