Սյունակագիր Ջոշ Ռոջինը The Washington Post-ի իր հոդվածում գրել է այն մասին, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը սաուդյան իշխանությունների համար, եթե հաստատվի, որ նրանք մասնակից են այդ հանցանքին։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը եւ նրա օգնականները, ովքեր, ամենայն հավանականությամբ, առնչություն ունեն սպանությանը, հնարավոր է, կարծում են, որ իրենք իրավական դաշտից դուրս են, սակայն նրանց հետապնդման մի շարք տարբերակներ կան՝ գրում է Ռոջինը։

Ռազմական հանցագործությունների հարցով ԱՄՆ Պետդեպի նախկին խորհրդական Սթիվեն Ռապը կարծում է, որ Խաշոգջիի միջադեպը մարդու իրավունքների հետ կապված միջազգային օրենքների կոպիտ ոտնահարում է, եւ չնայած նրան, որ արդարադատությանը հասնելը բարդ կլինի, լրագրողի ընտանիքն իրավունք ունի քաղաքացիական դատարան դիմել՝ ասվում է հոդվածում։

Ըստ հեղինակի՝ մասնավորապես, Մոհամմեդ բին Սալմանի եւ սաուդյան այլ պաշտոնյաների քրեական հետապնդումը կարող է իրականացվել Կտտանքների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, որը ստորագրել է նաեւ Էր Ռիադը։

Ընդհանուր իրավասության սկզբունքներից ելնելով՝ միջազգային կոնվենցիայի մասնակից ցանկացած երկիր կարող է դիմել միջազգային դատարան՝ պահանջելով սաուդյան արքայազնի եւ այլ մեղավորների դատական հետապնդումն ու արտահանձնումը՝ պարզաբանվում է հոդվածում։ Նման վերջին օրինակներից մեկն այն էր, երբ Բելգիան Սենեգալի դեմ հայց ներկայացրեց ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ պահանջելով արտահանձնել եւ դատարանի առջեւ կանգնեցնել Չադի նախկին նախագահ Խիսեն Խաբրեին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար։

Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինի պես հրաժարվում է խոստովանել, որ արքայազն Սալմանն անձամբ պատասխանատվություն է կրում Ջամալ Խաշոգջիի սպանության համար՝ նշել է հեղինակը։