«Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ  հայց ներկայացրած ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին  չի գոհացնում դատարանի կայացրած վճիռը, ըստ որի թերթը պետք է նրան վճարի 2 միլիոն 44 հազար դրամ` պատգամավորի բարի համբավն արատավորելու համար:

Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Սամվել Ալեքսանյանը, նշելով, որ «ինչքան շատ տուգանած լիներ, այնքան՝ լավ»:

Սամվել Ալեքսանյանն, այնուամենայնիվ, պատրաստվում է դատարանի վճռով թերթից բռնագանձվելիք գումարը փոխանցել մանկատուն: Թե ո՞ր` ասաց. «Դե հլը կճշտենք»:

Նա նաեւ հավելեց, որ գործով համահայցվոր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանն ու Լեւոն Սարգսյանը նույնպես պատրաստվում են գումարը փոխանցել որեւէ մանկատան: Նկատենք, որ Ռուբեն Հայրապետյանը մինչ դատարանի որոշումը տեղի ունեցած իր ասուլիսում հայտարարել էր, որ իր բարի համբավին հասցված վնասը գնահատում է 1 միլիարդ դոլար, բայց քանի որ թերթի ֆինանսական հնարավորությունները սուղ են, ուստի համեստ փոխհատուցում է պահանջելու։

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ փետրվարի 7-ի որոշմամբ «Հայկական ժամանակ» օրաթերթը պետք է ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրի վճարի 2 մլն 44 հազարական դրամ գումար՝ նրանց պատիվն ու բարի համբավն արատավորելու համար։ Դատական գործը  հարուցվել էր թերթի այն հրապարակման կապակցությամբ, որում նշվում էր, թե ՌԴ-ում հարուցված մի շարք քրեական գործերում հիշատակվում է վերոնշյալ պատգամավորների անունները։ Հատկանշական է, որ այդ մասին թերթին հայտնել էր Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը:

Լրագրողական հանրույթի մի շարք ներկայացուցիչներ թերթի դեմ կայացված վճիռը  գնահատել են որպես «վատ նախադեպ» եւ «հաշվեհարդար», երբ թերթը դատի է տրվում այլոց խոսքը տպագրելու համար: