Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մարտ ամսին պատրաստվում է Հայաստանի իր գործընկեր Սերժ Սարգսյանից աջակցություն խնդրել՝ ԵԱՀԿ-ում թուրք գլխավոր քարտուղարի ընտրության համար՝ խոստանալով, որ այն կբխի Հայաստանի շահերից։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նամակ է գրել Հայաստանի նախագահին, որում աջակցություն է խնդրում Հայաստանից՝ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի թուրք թեկնածուի օգտին քվեարկելու համար։  Նախատեսվում է, որ Գյուլի գրած նամակը մարտին Հայաստան կբերի ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի թուրք թեկնածու, դեսպան Էրսին Էրչինը։

Դեսպան Էրսին Էրչինը նշել է, թե Գյուլի նամակն ամենալավ ժեստն է՝ ընդծելով, թե Հայաստան է մեկնելու որպես Թուրքիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ։ «Հայաստանի նախագահին ուղղված նամակի մեջ գրված է լինելու, որ Թուրքիան ԵԱՀԿ-ում լրիվ անկողմնակալ է լինելու, եւ ոչ մի գլխավոր քարտուղար Թուրքիայի պես անկողմնակալ չի կարող լինել»,-ասել է թուրք դեսպանը՝ նշելով, թե իր այցելությունն առիթ կլինի երկու երկրների միջեւ հոգեբանական կամուրջների ստեղծելու համար։

«ԵԱՀԿ քարտուղարությունում հայեր չկան։ Ես նրանց ձայները լսող գլխավոր քարտուղար կլինեմ։ Թուրք գլխավոր քարտուղարի առկայությունը կբխի Հայաստանի շահերից։ Եթե ես լինեի հայ կամ հույն, թուրքին այո կասեի»,-ասել է Էրսինը՝ շեշտելով, թե ինքը նույն հարցով մեկնելու է նաեւ Կիպրոս։

Թուրք թեկնածուն պնդել է, թե Ռուսաստանն այնքան էլ հետաքրքրված չէ ԵԱՀԿ-ով, սակայն ԱՄՆ-ը թուրք թեկնածուին դրական է վերաբերվում։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար բացի թուրք թեկնածուից առաջադրվել են եւս 3-ը՝ Ավստրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկը, պորտուգալացի նախկին խորհրդարանական Ժոաո Սուարեշը եւ իտալացի Լամբերտո Ձանիերը։   35 երկրներ ներառող նախընտրական արշավը սկսվելու է փետրվարի 14-ից։

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թուրք թեկնածու  Էրսին Էրչինն իր կարիերան սկսել է 1981 թվականից՝ աշխատելով Դամասկոսի դեսպանատանը, այնուհետ իր պարտականություններն է կատարել ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչություններում։ Էրչինը 2009-ին նշանակվել է Բրազիլիայում Թուրքիայի դեսպան։