Անկարան մեկ անգամ չէ, որ դիմել է Երեւանին՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչի ընտրության հարցում, սակայն մշտապես մերժում է ստացել, NEWS.am-ին հայտնեցին դիվանագիտական աղբյուրները՝ մեկնաբանելով թուրքական լրատվամիջոցների տեղեկությունն այն մասին, որ Թուրքիայի նախագահը մարտին մտադիր է իր հայ գործընկերոջից աջակցություն խնդրել այս հարցում։ Աղբյուրը նշեց, որ նմանօրինակ աջակցություն ցուցաբերվում է միայն բարեկամական երկրներին։
Ինչպես նշել է թուրքական Haberturk-ը, Թուրքիայի նախագահ Գյուլը համապատասխան նամակով արդեն դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ Ենթադրվում է, որ նրա նամակը մարտին Հայաստան «կհասցնի» ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու Էրսին Էրչինը։
Բացի թուրք թեկնածուից, այդ պաշտոնին հավակնում են երեք այլ մարդիկ եւս. Ավստրիայի նախկին ԱԳ նախարար Ուրսուլա Պլասնիկը, պորտուգալացի նախկին պատգամավոր Ժոաո Սուարեշը եւ իտալացի Լամբերտո Ձանիերը։ Նախընտրական արշավը 35 երկրների մասնակցությամբ կմեկնարկի փետրվարի 14-ին։





























