Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այսօր` փետրվարի 14-ին ընդունել եւ լսել է Շիրակի մարզի վրացական համարանիշերով ավտոմեքենաների շուրջ 60 վարորդների:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում վարորդները նրան են ներկայացրել այն խնդիրները, որոնց առաջ իրենք հայտնվել են Հայաստանի մաքսային օրենսդրության վերջին փոփոխությունների հետեւանքով: Վարորդները բացատրել են, որ իրենք ի վիճակի չեն 10-15 օրում հայթայթել եւ պետությանը վճարել այնպիսի ահռելի գումարներ, ինչպիսիք հաշվում են իրենց մեքենաների մաքսազերծման համար ՊԵԿ-ում: Քաղաքապետ Վ.Ղուկասյանը, ըստ վարորդների հաղորդման, իր աջակցությունն է հայտնել նրանց, ասելով, թե նրանց բողոքն արդարացի է, կիսում է նրանց մտահոգությունները, կանգնած է նրանց կողքին, ինքն էլ այդ հարցով դիմել է Հայաստանի նախագահին եւ տեղյակ է, որ Շիրակի մարզպետն էլ է մտահոգ այդ խնդրով: Քաղաքապետը խորհուրդ է տվել չքաղաքականացնել խնդիրը:

Վարորդները Գյումրում ՀՀԿ գրասենյակներից մեկում փորձել են հանդիպել ԱԺ պատգամավոր ՍուքիասԱվետիսյանին, սակայն պատգամավորին տեղում չգտնելով  գրասենյակի աշխատակիցներին են փոխանցել դիմումի եւս մեկ օրինակ, փոխանցելով, որ սպասում են պատգամավորի պատասխանին:

Երեկոյան վրացական պետհամարանիշերով մոտ 50 ավտոմեքենաների վարորդներ քաղաքում հերթական երթն անցկացնելուց հետո այցելեցին Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, նրան հաղորդելով իրենց մտահոգությունները խնդրի շուրջ եւ խնդրելով Վեհափառի հետ միջնորդել իշխանություններն ու սատարել իրենց: Թեմի առաջնորդը հայտնեց, որ խնդիրն իրոք մտահոգող է, եւ եկեղեցու սպասավորների մեջ նույնպես կան հոգեւորականներ, որոնք այդ խնդրի առաջ են կանգնած: