ԱՄՆ-ը մեծ ուշադրություն է հատկացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին փետրվարի 14-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին` լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում` պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ԱՄՆ-ը, հաշվի առնելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «մեռել» է:
«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներգրավված է եղել այդ գործընթացին: Մենք հասկացանք, որ առաջընթացի հասնելու համար կան խոչընդոտներ: Մենք շարունակելու ենք աշխատել Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ, որպեսզի առաջընթացի հասնենք»,- ասել է նա:
Նշենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին երկկողմ եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունները, սակայն Թուրքիան կարգավորումը կապեց ղարաբաղյան հիմնախնդրի հետ, եւ Հայաստանի նախագահը ստիպված էր 2010թ. ապրիլի 22-ին դադարեցնել վավերացման գործընթացը:





























