Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը (նստավայրը՝ Թբիլիսի):
ՀՀ նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Թիդեստրոմն ընդգծել է երկու երկրների ու ժողովուրդների սերտ բարեկամական հարաբերությունները եւ կարեւորել շվեդահայ համայնքի դերն այդ գործում: Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավի ողջույնները:
Նախագահ Սարգսյանը դեսպան Թիդեստրոմին մաղթել է արդյունավետ գործունեություն եւ համոզմունք հայտնել, որ նա իր փորձն ու մասնագիտական կարողությունները կներդնի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար: Նրա խոսքով՝ թեեւ հայ-շվեդական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ընդամենը 26 տարի առաջ, սակայն այդ երկրի եւ հայերի միջեւ պատմամշակութային առնչությունները գալիս են դեռեւս դարերի խորքից:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Շվեդիան Սկանդինավյան տարածաշրջանում Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկերներից է, եւ լուրջ նախադրյալներ կան տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնման համար:




























