Հայաստանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրված թուրք թեկնածուի հարցում չի աջակցի Թուրքիային։  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը նամակ էր գրել իր հայ գործընկերոջը՝ Սերժ Սարգսյանին, որում Հայաստանին կոչ է արել այս տարի մարտին կայանալիք ընտրությունների ժամանակ ձայն տալ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրված թուրք թեկնածուին։

Ինչպես նշել է թուրքական Haberturk-ը, Թուրքիայի նախագահ Գյուլը համապատասխան  նամակով արդեն դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ Ենթադրվում է, որ նրա նամակը մարտին Հայաստան «կհասցնի» ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու Էրսին Էրչինը։

Բացի թուրք թեկնածուից, այդ պաշտոնին հավակնում են երեք այլ մարդիկ եւս. Ավստրիայի նախկին ԱԳ նախարար Ուրսուլա Պլասնիկը, պորտուգալացի նախկին  պատգամավոր Ժոաո Սուարեշը եւ իտալացի Լամբերտո Ձանիերը։ Նախընտրական արշավը 35 երկրների մասնակցությամբ կմեկնարկի փետրվարի 14-ին։