ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը, ինչպես հայտնի է, լրագրողների հետ շփման վատ ավանդույթներ է ձեւավորել. հայհոյում կամ վիրավորում է իրեն զանգող լրագրողներին: Նա, օրինակ, սպառնում է «ամուսնանալ» այն լրագրողների հետ, ովքեր իր մասին վատ նյութեր են գրում, դատի է տալիս իր «բարի համբավն» արատավորող թերթերին, իսկ վերջերս էլ հայհոյել էր «Հետք» կայքի լրագրողին, եւ այժմ նրա հայհոյանքով ձայնագրությունը, որպես հաղորդում հանցագործության մասին, Հատուկ քննչական ծառայության ուսումնասիրության առարկա է դարձել:

NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր  նրան` մի հարցի շուրջ ճշտում անելու:

Պարոն Հայրապետյանն, ինչպես միշտ, սիրահոժար պատասխանեց մեր զանգին, սակայն երբ իմացավ, որ լրագրող է զանգահարել, ծառս եղավ. «Էս էլ ինչ ձեւով, ինչ լեզվով դիմեմ ձեզ, որ դուք վերջապես հասկանաք: Դիմեք իմ օգնականին, մամուլի ծառայությանը, հնարավո՞ր ա դա հասկանալ, թե՝ չէ: Գրավոր դիմեք, ինչ ձեւ ուզում եք դիմեք: Տեսեք, դուք զանգում եք ինձանից հարցազրույց եք ուզում, հետո ինչ ուզում եք գրում եք: Հասկացեք վերջապես, ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս»:

Դիտարկմանը, թե իր օգնականը մեր հեռախոսազանգերին չի պատասխանում, իսկ գրավոր ուղարկված հարցերն ընդհանրապես արհամարհում է: Ռուբեն Հայրապետյանը  ի պատասխան հայտարարեց.  «Բայց օգնականը պարտավոր հո չի՞ բոլոր զանգերին պատասխանի»:

Իսկ այդ դեպքում ինչպե՞ս մեր հարցերը Ձեզ ուղղենք, հարցին էլ պատգամավորն արձագանքեց. «Չգիտեմ, գնացեք քթե՜ք, տեսե՜ք իրան»:

Մնում է ճշտենք`օգնականը ե՞ւս  սեր ունի հայհոյելու, «ամուսնանալու» հետ, թե՞ նախընտրում է շփման քաղաքակիրթ տարբերակը: