Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի շրջանավարտների 67,5 տոկոսը ապահովված է աշխատանքով։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի ՏՏ կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ամալյա Եղոյանը։
Շրջանավարտների 30 տոկոսը աշխատում է Երեւանում, 1 տոկոսը՝ արտերկրում, իսկ մնացածը՝ Գյումրիում։

Ա. Եղոյանի խոսքով՝ Գյումրիի ՏՏ կենտրոնում գործող բիզնես բաժանմունքը ընդամենը մեկ ամիս առաջ պայմանավորվածություն է ձեռք բերել ամերիկյան մի ընկերության հետ՝ նրա պատվերներն իրականացնելու համար։

«Սա հիանալի հնարավորություն է մեր ուսանողների համար՝ աշխատել հենց կենտրոնի ներսում»,-ասաց Ա. Եղոյանը՝ նշելով, որ այս խմբում դեռեւս ընդգրկված են կետրոնի 5 շրջանավարտներ, սակայն առաջիկայում մրցութային կարգով դրանց թիվը կավելանա:
Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա Ա. Եղոյանի հավաստմամբ՝ կենտրոնի բիզնես բաժանմունքի աշխատակիցների աշխատավարձը Գյումրիի պայմաններում նորմալ է։

«Նրանք ստանում են կայուն աշխատավարձ եւ տոկոսներ պատվերներից»,-ասաց Ա. Եղոյանը։

Նշենք, որ Գյումրիի ՏՏ կենտրոնի ներսում բիզնես բաժանմունքի ստեղծման աշխատանքները սկսվել էին 2010թ. փետրվարին։