Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսը փետրվարի 15-ին ընդունել է մանուկների հոգեւոր դաստիարակությամբ զբաղվող «Հայ միասնության խաչ» կազմակերպության ներկայացուցիչներին եւ օրհնել նրանց աշխատանքը:

«Հայ միասնության խաչի» գործունեությունն ուղղված է քրիստոնեական արժեքների տարածմանը, մանուկների հոգեւոր դաստիարակությանը, նրանց շնորհների զարգացմանը տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ հաշմանդամ եւ ծնողազուրկ երեխաների խնամքին եւ հասարակության մեջ ինտեգրմանը: Մայր Աթոռը անհրաժեշտ շենքային պայմաններ է տրամադրել կազմակերպությանը:

Հանդիպման ընթացքում կազմակերպության տնօրեն Գրիգոր Բաբախանյանը ներկայացրել է վերջին շրջանի ձեռքբերումները, իսկ մանուկները
Գարեգին Բ-ին են ներկայացրել իրենց խմբակների գործունեությունը, հանդես եկել հոգեւոր երգերի կատարումներով, ապա Կաթողիկոսին են նվիրել իրենց ձեռքով պատրաստված անվանական մի գորգ: