Հայաստանում թավշյա հեղափոխությունը եւ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը նպաստավոր պայմաններ ստեղծեցին, որպեսզի Հայաստանի եւ Իլ Դե Ֆրանսի հարաբերությունները նոր մակարդակի բարձրանան։ Այս մասին Երեւանում նոյեմբերի 19-ին լրագրողների հետ համդիպմանն ասաց Իլ Դե Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը։
Նույն օրը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը եւ Վալերի Պեկրեսը Երեւանի եւ Իլ Դե Ֆրանսի համագործակցության շրջանակներում ստորագեցին 2018-2021թթ․ «ճանապարհային քարտեզ», ըստ որի՝ կողմերը սերտորեն կհամագործակցեն երեք հիմնայան ոլորտներում՝ նորարարություններ եւ ՏՏ, կրթություն եւ մշակույթ, ինչպես նաեւ՝ քաղաքաշինություն եւ քաղաքի պլանավորում։
Պեկրեսը նշեց, որ ֆրանսիական կողմը պատրաստ է խորհրդատվություններ եւ փորձագիտական կարծիքներ տրամադրել քաղաքային տրանսպորտի աշխատանքի բարելավման, աղբահանության եւ Երեւանում աղբամշակման գործարան կառուցելու մասին։
Մշակույթի եւ կրթության ոլորտում եւս սպասվում են շատ հետաքրքիր ծրագրեր եւ նախագծեր, որոնց շրջանակներում արվեստի, կինոյի գործիչները, երաժիշտները եւ մշակույթի ոլորտի այլ ներկայացուցիչներ կկարողանան համագործակցել Իլ Դե Ֆրանսի շրջանի հետ։
Ինչ վերաբերում է նորարարություններին եւ ՏՏ ոլորտին, Երեւանը միացել է «ՍՊՐԻՆՏ» ինկուբատորների ցանցին եւ դարձել է այդ նախագծի 8-րդ գործընկերը։ Բացի այդ, Պեկրեսը հանդիպել է ՏՏ ոլորտի եւ էկոհամակարգի սթարթ-ափ շատ ներկայացուցիչների հետ ու քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները։
Հայաստան այս այցի ընթացքում Պեկրեսը նաեւ հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք քննարկել են երկրի քաղաքական եւ տնտեսական իրավիճակն ու հետագա համագործակցության խորացման ուղիները։
Պեկրեսը նաեւ նշել է, որ նոյեմբերի 18-19-ը կայացած հանդիպումների ընթացքում բարձրացվել է կարճ ժամանակով Ֆրանսիա այցելող Հայաստանի քաղաքացիների համար հեշտացված գործընթացով վիզա ստանալու հարցը։ Նա խոստացել է այդ հարցում հանդես գալ որպես միջնորդ եւ ամեն ինչ անել, որ վիզա ստանալու գործընթացն, իրոք, հեշտացվի։





























