Իրանի իշխանությունները մտադիր են օրենսդրական կարգով արգելել ընդդիմությանը հանդես գալ ելույթներով:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը, նման առաջարկ է արել Իրանի դատական համակարգի ղեկավար, այաթոլլա Սադեկա Լարիջանին: Նա հայտարարել է, թե մարդիկ չպետք է կասկածեն, որ իշխանությունները կարող են փակել բոլոր ալիքները, որոնց միջոցով ընդդիմադիր առաջնորդներն անում են իրենց հայտարարությունները: «Դրա համար պետք է մշակվի արդար եւ օրինական համակարգ, որը թույլ չի տա ընդդիմությանը քարոզել իր գաղափարները»,- նկատել է նա` հավելելով, որ քանի նման համակարգ չկա, իրանցի ժողովուրդը պետք է «համբերություն եւ զգոնություն պահպանի»:

Նշենք, որ Իրանում շարունակվող ցույցերը հանգեցրել են բախումների ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Դրանց արդյունքում առնվազն երկու մարդ զոհվել է, մի քանի տասնյակը վնասվածքներ ստացել: Հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են: Իրանի խորհրդարանի պատգամավորներն էլ առաջարկել են մահապատժի ենթարկել ընդդիմության առաջնորդներին: