Հարավային Կովկասում համադաշնության ստեղծման մասին բանակցություններ ներկայումս չեն ընթանում, սրանք միայն երկխոսություներ են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց  փորձագետ Արտաքին  քաղաքականության գերմանական հանրության Ռուսաստանի եւ ԱՊՀ գծով հետազոտական ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարը։ Նրա կարծիքով, միավորիչ գործընթացներ Հարավային Կովկասում անպայման կսկսվեն, սակայն ոչ հիմա։

«Հարավային Կովկասի երկրների իշխանական էլիտայի ներկայիս մենթալիտետը թույլ չի տա անել դա։ Սակայն այսօր ամբողջ աշխարհը մերձեցման ճանապարհներ է փնտրում, քանի որ միայնակ հնարավոր չէ գոյատեւել»,- նկատեց քաղաքագետը։

Ռարը հիշեցրեց, որ Հարավային Կովկասում համադաշնության ստեղծման գաղափարը դեռ անցած դարի 90-ականներին դիտվում էր իբրեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հնարավոր տարբերակ։ «Սահակաշվիլին հասկանում է, որ այս կերպ հնարավոր կլինի գտնել նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի խնդիրների լուծումը։ Այո, նա համադաշնությունում չի ցանկանում տեսնել Իրանին եւ Ռուսաստանին, սակայն ուզում է տեսնել  Աբխազիային եւ Հարավային Օսեթիային»,- կարծում է Ռարը։

Ընդհանուր առմամբ, Ռարի կարծիքով, այս գաղափարն իր մեջ դրական ասպեկտներ է պարունակում եւ տեսականորեն կարող է իրագործվել ոչ այնքան հեռու ապագայում։