Ֆիլիպինյան Կալոոկան քաղաքի դատարանը 40 տարվա ազատազրկման է դատապարտել երեք ոստիկանների, ովքեր թմրամիջոցների դեմ պայքարի կառավարական ծրագրի շրջանակներում սպանել էին մի դեռահասի՝ տեղեկացնում է Philippine News Agency-ն։

Գործակալությունը նշում է, որ մեղադրյալները նաեւ փոխհատուցում պետք է վճարեն զոհվածի հարազատներին։

2017թ․ օգոստոսին 17-ամյա ֆիլիպինցի Կիան Դելոս Սանտոսը ոստիկանական հրազենից սպանվել էր Կալոոկան քաղաքում՝ թմրամիջոցների առեւտրի դեմ գործողությունների շրջանակում։ Ոստիկաններն ասել են, թե ինքնապաշպանական նպատակներով են զենք կիրառել, իսկ Սանտոսը թմրավաճառ էր։ Ավելի ուշ հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես են երկու տղամարդիկ բռնությամբ դեռահասին տանում մի փողոց, որտեղ հետագայում գտնվել էր նրա դին։ Այս գործը մեծ աղմուկ էր բարձրացրել, դեռահասի թաղմանը հարյուրավոր մարդիկ էին մասնակցել։

ՄԱԿ-ի փորձագետները ֆիլիպինյան իշխանություններին կոչ են արել կանխել սպանությունները եւ հրաժարվել առանց գործի մանրամասն քննության խիստ պատիժներ իրականացնելուց։