Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր մեկնել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգ, որտեղ հանդիպում է ունեցել երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հետ:

Նստավայրի մուտքի մոտ Ռայներ Հազելոֆը տիկնոջ՝ Գաբրիելե Հազելոֆի հետ դիմավորել է հյուրերին։ Նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում։

Այնուհետեւ տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի եւ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ռայներ Հազելոֆը ողջունել է Հայաստանի նախագահի այցը Սաքսոնիա-Անհալթ երկրամաս՝ նշելով, որ տեղյակ է, որ նախկինում եւս Արմեն Սարգսյանը եղել է Մագդեբուրգում եւ ուրախ է արդեն նախագահի պաշտոնում կրկին հյուրընկալել նրան։

«Մեր երկրամասը Հայաստանի հետ սերտ կապեր ունի։ Հայաստանի եւ Սաքսոնիա-Անհալթի միջեւ արդեն իսկ համագործակցության վերաբերյալ ստորագրված փաստաթղթեր կան։ Երկրամասի Հալե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանում գործում է«Մեսրոպ» հայագիտական կենտ¬-րոնը, որը կարեւոր դեր ունի մեր կապերի համար։ Այսօր ստորագրվող համաձայնագիրը նույնպես կնպաստի կրթության եւ գիտության ոլորտում մեր համագործակցության ամրապնդմանը»,-ասել է Ռայներ Հազելոֆը։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ հաճելի է հյուրընկալվել Գերմանիայում, մասնավորապես՝ գեղեցիկ եւ պատմական երկրամասում: «Գերմանիան ծանրակշիռ ներդրում ունի համաշխարհային մշակույթի մեջ, եւ ամեն անգամ այցելելով՝ այս հսկա ժառանգությունից փոքրիկ կտոր ես տանում հետդ»։

Նախագահը նշել է, որ 1980-ականներին, որպես խորհրդային գիտնական, մի քանի անգամ այցելել է Գերմանիա, եղել է նաեւ Մագդեբուրգում։ «Հայաստանն ու Սաքսոնիա-Անհալթ երկրամասը լավ բարեկամներ են։ Մեր բարեկամության ու երկխոսության աղբյուրը պատմությունն ու մշակույթն են, հուսամ, ապագայում նաեւ՝ գիտությունը։ Մենք բարձր ենք գնահատում «Մեսրոպ» կենտրոնի գոյությունն այստեղ։ Սա մեր փոքրիկ, բայց շատ կարեւոր ներկայությունն է Գերմանիայում։ Վստահ եմ , որ միասին շատ ավելին կարող ենք անել փոխգործակցությունը խորացնելու եւ ընդլայնելու համար, քանի որ դրա համար լավ հիմքեր կան»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։

Ավելացնելով, որ երկու ժողովուրդները աստղագիտության պատմական ակունքներում են՝ նա մասնագիտությամբ ֆիզիկոս Ռայներ Հազելոֆին հրավիրել է այցելել Հայաստան՝ տեսնելու աշխարհում առաջին աստղադիտարաններից մեկը, որն ավելի քան 4 հազար տարվա պատմություն ունի։

Հանդիպմանը քննարկվել են գիտության, կրթության եւ մշակույթի ոլորտներում գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Ռայներ Հազելոֆը եւ երկրամասի ոլորտային նախարարները ներկայացրել են Հայաստանի հետ գործակցության ծրագրերը․ տեղեկացվել է, որ ներկայում իրականացվում են դպրոցականների, ուսանողների փոխանակման ծրագրեր։

Նախագահ Սարգսյանն առաջարկել է ընդլայնել ուսանողների փոխանակման ծրագրերը՝ ընդգրկելով նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, ֆիզիկայի ոլորտները։ Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բնապահպանական խնդիրներով: ««Կանաչ գիտության» ոլորտում Գերմանիան լավ փորձ ունի, որն օգտակար կարող է լինել մեր երկրի համար։ Հայաստանն ընդհանրապես կարող է նաեւ գիտահետազոտական ոլորտում լավ գործընկեր դառնալ»,-նշել է նախագահը։

Նախագահ Արմեն Սարգսյանը Ռայներ Հազելոֆի հետ այցելել է նաեւ Օտտո-ֆոն Գուերիկեի համալսարան։

Ռեկտոր Յենս Շթրաքելիանի ուղեկցությամբ նախագահը շրջել է համալսարանի սպորտային գիտահետազոտական մասնաշենքում, ծանոթացել լաբորատորիաների գործունեությանը, որտեղ ուսանողներն ու գիտաշխատողներն զբաղվում են սահմանափակ կարողություններով անձանց համար սարքավորումների մշակմամբ։

Այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանի եւ Ռայներ Հազելոֆի ներկայությամբ Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ Օտտո-ֆոն Գուերիկեի համալսարանի բժշկական ֆակուլտետի միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել։