Ով իմ գործունեությանը ծանոթ է, գիտի, որ ես տարիներ ի վեր գործել եմ այս հեղափոխության համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Կարբի գյուղում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական քարոզարշավին նշեց քաղաքագետ Արա Պապյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի դիտարկմանը, որ քաղաքագետը թերահավատ էր հեղափոխության նկատմամբ։
«Ես Նիկոլի հետեւից չեմ գնացել, ես այս հեղափոխության պատրաստողներից մեկն եմ եղել եւ ամենակարեւոր պատրաստողներից։ Կգա պատմության էջերը բացելու ժամանակը, եւ շատ բան կբացվի. ո՞նց եղավ, որ ոստիկանությունը չդիմեց ուժի, ո՞նց եղավ, որ բանակը չխառնվեց։ Մարդիկ հետեւողական աշխատանք են տարել, եւ այդ աշխատանք տանողներից մեկը ես եմ եղել»,– նշում է Պապյանը։
Նա, սակայն, հորդորեց չկոչել հեղափոխությունը որեւէ մեկի անունով. «Սա Նիկոլի հեղափոխությունը չէ, սա բոլորիս հեղափոխությունն է։ Նիկոլը եղել է դրոշակակիրը, առաջնորդը, իր վաստակը գնահատվում է, բայց չհամարձակվեք այս հեղափոխությունը որեւէ մեկի անունով կոչել, սա համաժողովրդական հեղափոխություն է, որն իրականացվել է տասնյակ հազարավոր մարդկանց տարիների, տասնամյակների աշխատանքով, այդ թվում՝ «Սասնա ծռերի», որոնք 2016 թվականին կոտրեցին իշխանության այն ողնաշարը, որը 2018 թվականին չկրակեց»։
Պապյանը ընդունում է՝ հեղափոխության նկատմամբ մինչեւ մարտի վերջերը թերահավատ է եղել, ասել է, որ ցավալի կլինի, որ այս հեղափոխությունը պարտվի, սակայն, նշում է՝ այդ ժամանակ երկրում էլ չի եղել, բայց երկրի համար ուրիշ երկրում գործ է արել, այն հայտարարությունները, որով ԱՄՆ–ն ու ՌԴ–ն կոչ էին անում զենք չկիրառել, նաեւ իր շնորհիվ է եղել։





























