ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը դարձյալ հետաձգվեց։ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ գործի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 3–ին։

Այսօրվա դատական նիստին իրենց բողոքներն են հասցրել ներկայացնել Քոչարյանի պաշտպաններից երեքը։ Հաջորդ դատական նիստին փաստաբան Հայկ Ալումյանը կշարունակի ներկայացնել իր  բողոքը։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին դարձյալ մասնակցում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցով գործի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։ Դատական նիստին մասնակցել է 6 դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, ինչն աննախադեպ երեւույթ է հայաստանյան դատական պրակտիկայում։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։